Մայիսի 16-ին տոն էր հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում : I բ դասարանի սաները (դասվար` Ռ. Սահակյան) իրենց սրտի շնորհակալական խոսքն էին ասում Մեսրոպ Մաշտոցին, նրա ստեղծած հայոց գրերին : Արդեն գրաճանաչ փոքրիկները հայրենասիրական ոտանավորներով, երգերով, հայկական պարով ցույց տվեցին, որ իրենք են իրենց երկրի վաղվա տերն ու հպարտ են, որ հայ են:
Նրանց ներկայացրած հեքիաթների հերոսները վկայեցին, որ նրանք կարդացած են , գիտակ կարգապահ ու դաստիարակված:
Արդեն գիտենք կարդալ, գրել,
Զենքեր ունենք ` հայոց գրեր.
Ամենամեծ տոնն է այսօր,
Տոների մեջ մեր հին ու նոր …
Մանկան քաղցրալուր ձայնով իրար հաջորդելով արտասանում են հ. 45 հիմնական դպրոցի Iա-ի սաները (դասվար` Հ.Վարդումյան) և դահլիճում գտնվողներին մի պահ հետ տանում դեպի սեպտեմբերի մեկ, երբ վախվորած դպրոց եկան և սրտի թրթիռով բացեցին «Այբբենարանի » առաջին էջը:
Օրացույցի թերթիկների նման օրերը հաջորդեցին միմյանց և այսօր գրաճանաչ ու բանիմաց այս փոքրիկները բաժանվում են իրենց գրքից` ձոնելով նրանք երախտագիտությամբ լեցուն ուրախ մի տառահանդես:
Նրանք իրենց և աշխարհի համար խաղաղություն են ուզում, որ լավ սովորեն,մեծանան և կառուցեն իրենց հայրենիքի վաղվա օրը:
Հավերժության մեր ճամփան
Այբուբենն է մեսրոպյան
ՈՒժ է տալիս մեր բազկին,
Միասնություն` մեր ազգին...
Մաշտոցյան շունչն էր թևածում հ. 45 հիմնական դպրոցում և ուրախ տրամադրություն լցնում դահլիճը: I գ դասարանի սաները(դասվար` Ս.Մարտիրոսյան) ամբողջովին գիտակցելով օրվա կարևորությունը կարողացան իրենց ուսուցանածը վարժ ու հստակ մատուցել։ Մեր փոքրիկները փայլեցին, հիացրեցին ու զարմացրեցին իրենց գիտելիքներով, վստահությամբ, գեղեցիկ ու անկաշկանդ ելույթով: Ամեն մի տառին համապատասխան երգ ու պարը տոնական տրամադրություն էր լցրել բոլորի սրտերը։ Ուսուցչուհու քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցրահամ պտուղները և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում` ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ հյուրերին: