Ամեն տարի հ.45 հիմնական դպրոցի միջոցառումների շարքում իր ուրույն տեղն է գրավում ֆրանկոֆոնիայի շրջանակներում ավանդական դարձած միջոցառումը:
«Ազնավուրը կրկին և միշտ» խորագիրն էր կրում 2014թ.-ի մարտի 15-ին իրականացված միջոցառումը: Ֆրանսերենի ուսուցչուհի Ռուզաննա Ադոյանին և երաժշտության ուսուցչուհի Անի Հարությունյանին հաջողվեց նորովի ներկայացնել Ֆրանսիան և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղին: Միջոցառումը սկսվեց փոքրիկ բեմականացմամբ, որտեղ մանուկ Շառլին հայրը պատմում էր իրենց ազգանվան ծագման մասին: Ազնավուր ազգանունը յուրաքանչյուր հայի ականջին հարազատ ու քաղցր է հնչում. չէ՞ որ աշխարհահռչակ շանսոնիեի ազգանվեր գործունեությունն անուրանալի է:
Աշակերտները սահուն ֆրանսերենով ներկայացրին կենսագրական տվյալներ, խոսեցին նրա հաջողությունների և պարգևների մասին: Միջոցառումը ծայրից ծայր ուղեկցվում էր գեղեցիկ երաժշտական կատարումներով: Դպրոցի շնորհալի աշակերտները հանդես եկան , «Le bleu de les yeux» երգի կատարումրով: Ներկայացվեց գնչուական պար` «Deux guitares» երգի ուղեկցությամբ: Հանրահայտ «La Bohéme» երգի կատարումը զուգորդվեց համահունչ պարով և բեմադրությամբ: Միջոցառմանը ակտիվորեն մասնակցեցին պարի խմբի շնորհալիները: Սև ֆրակով զգեստավորված աղջիկները, «A 20ans» երգի ուցեկցությամբ ֆրանսիական ոճով ներկայացրին երաժշտական պարային կոմպոզիցիա: Միջոցառման ընթացքում կարմիր գծի նման անցնում էր Շ. Ազնավուրի` Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ջերմ ու սրտացավ վերաբերմունքի մասին միտքը: Վկայակոչվեց հատկապես Սպիտակի երկրաշարժի իրադարձություններին նրա ցուցաբերած գործնական օգնությունը` «Pour toi Arménie» երգով, Որպես անակնկալ, երիտասարդ ուսուցչուհի Ռուզաննա Ադոյանի և երկու աշակերտների կատարմամբ հնչեց «Une vie d’amour» երգը: Վերջում, խոսելով հայ-ֆրանսիական կապի մասին, հպարտությամբ բարձրաձայնվեց, որ Ազնավուրը աշխարհին ներկայանում է որպես հայ դեսպան: