Հունվարի 26-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում օդը լցվել էր հայոց բանակի 26-րդ տարելիցին նվիրված տրամադրությամբ: Դպրոցի երեք սերնդի ներկայացուցիչները` մոտ 50 սովորող, միջոցառման ողջ ընթացքում ցույց տվեցին հայի անկոտրում կամքը, հաղթական ոգին ու մարտական գիտակցությունը: Թևածում էր «Յախուշտան», հայ հողին ու զինվորին ձոնված բանաստեղծություններ ու երգեր:
Դպրոց էին հյուրընկալել ՀՀ «Միջազգային անվտանգության ասպետացակադեմիա»-ի նախագահ, ակադեմիկոս, գեներալ լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, բանակի գեներալ – մայոր Բոսնոյանը, գնդապետ Արզումանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ տիկին Ամիրյանը, դպրոցի տնօրեններ:
Հյուրերը հիացական խոսքեր ուղղեցին դպրոցում հայրենասիրական ճիշտ ու բարձր դաստիարակություն ապահովելու համար, շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ռ. Հատիմոսյանին, Ա. Փարսադանյանին, պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանին, դասվար Լ. Այվազյանին, երաժշտության ուսուցչուհի Ա. Թամազյանին հաճելի րոպեներ պարգևելու համար: Միջոցառման ավարտին դպրոցի սան փոքրիկ Նորայրը, ծածանելով հայոց եռագույնը, խոստացավ բոլորին, որ այդ դրոշը մի օր Մասիսի գագաթին է փողփողալու:
Հյուրերի կողմից հաճելի անակնկալ էր դպրոցի տնօրենին, զինղեկին և տիկին Ամիրյանին մեդալներով պարգևատրելը: |