Թանգարանների և Dasaran.am համագործակցության շրջանակում հոկտեմբերի 20-ին հ. 45 հիմնական դպրոցի սաները Լ. Ստեփանյանի և Վ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին պրոֆեսոր Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան: Երկրաբանության թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը մանրակրկիտ բացատրեց յուրաքանչյուր ցուցանմուշ: Թանգարանում անցկացրած ժամանակը` երեխաների համար իսկական ճամփորդության էր դեպի հեռավոր երկրագիտական ժամանակաշրջանները:
Ցուցանմուշները ցուցադրված էին 6 բաժիններում՝ հանքաբանության, հնէաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների։ Հիմնական մուտքի դիմաց գտնվող հատվածում Հայկական լեռնաշխարհի ապարների եզակի հավաքածուն էր, որը կարելի է «գույների խաղ» անվանել, քանի որ առաջին հայացքից չես հասկանում և նույնիսկ զարմանում ես, որ փոքրիկ երկրում լեռնային ապարների նման բազմազանություն կա՝ գրանիտից մինչև սաթ,մարմարից մինչև բազալտ:Թանգարանում ցուցադրված էին նաև բրածո կենդանիների (ուշագրավ էր Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը) և բույսերի նմուշներ, քարտեզներ։ Այցը շատ ուսուցանող էր, և երեխաները մեծ ոգևորվածությամբ հեռացան թանգարանից: |